«Իշխանությունը որևէ գործողություն
անելիս պետք է պատասխանի, թե ինչու է անում։ ԵՄ-ին անդամակցության հարցով պրակտիկան,
օրենքները ու տրամաբանությունը ասում են, որ նման հանրաքվեներ անում են այն ժամանակ,
երբ պետությունը գտնվում է ԵՄ-ին անդամակցության շեմին։ Այսինքն՝ երբ արդեն պետությունը
հանդիսանում է ԵՄ անդամության թեկնածու, երբ
արդեն սկսվել են այդ պետության հետ անդամակցության բանակցությունները ու արդեն ավարտական
փուլում են, ու պետությունը հնարավորություն ունի կարճ ժամանակ անց լինելու ԵՄ անդամ։
Այդ դեպքում անցկացվում է հանրաքվե և ոչ այն ժամանակ, երբ պետությունը դեռ անդամության
հայտ չի տվել ու ասոցացված անդամ էլ չէ»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու իշխանությունը աշնանը
հանրաքվե չի անցկացնի ԵՄ-ին ինտեգրվելու հայտ ներկայացնելու համար։
Եղոյանը նշեց, որ ԵՄ-ի հետ պայմանագրերով
են ֆիքսվում հարաբերությունները, ու իրենք
հիմա շարժվում են ըստ այդ պայմանագրերի. «Ինչ-որ բանից հետ քաշվելու խնդիր չկա, այստեղ
կա «ինչ գործիքներով պետք է առաջ շարժվենք»-ի հարցը։ Մենք հիմա նոր պետք է հանձնառություն
ստանձնենք ու ուզում ենք այդ հանձնառությունը ճիշտ ստանձնենք»։
Եղոյանը շեշտեց, որ հանրաքվեն
անցկացվում է ԵՄ մտնելուց անմիջապես առաջ,
այլ ոչ թե նման գաղափար ունենալով, երբ դեռ հայտ էլ չես ներկայացրել։ Եղոյանը նաև նշեց,
որ Վրաստանում կատարվող փոփոխությունները ևս ազդելու են Հայաստանի վրա։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան